National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2011
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

Մարտի 24-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ԱԺ 2011 թ. մարտի 21-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Արծրունի Աղաջանյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, որոշում է ընդունել համամասնական ընտրակարգով ՕԵԿ ընտրացուցակից ՀՀ ԱԺ պատգամավոր գրանցել Մարզպետունի Մանուկյանին: ԱԺ նախագահը շնորհավորեց եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց պատգամավորին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում այս անգամ խորհրդարանի նիստի աշխատանքին հետեւում են հեռուստահաղորդավարների եւ լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները եւ մանկավարժները:

70 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ դրան հարակից 6 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, իսկ 16 կողմ, 50 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով մերժեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՅԴ խմբակցության անդամներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արա Նռանյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Խորհրդարանն ընդունեց նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը մինչեւ ապրիլի 11-14-ի քառօրյա նիստերի ավարտը հետաձգելու մասին հարցը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հեղինակի առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված «Հավաքների ազատության մասին» եւ դրան հարակից 11 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումները: Հարցի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված ԱԺ պատգամավորների հարցերը վերաբերում էին հավաքների ազատությանը, հավաքների ազատության սահմանափակումների հիմքերին, իրազեկման քննարկմանը, ինքնաբուխ եւ շտապ հավաքներ անցկացնելուն, հավաքի ընթացքում ոստիկանության լիազորություններին եւ այլն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նախագծի 7-րդ հոդվածին, որը վերաբերում է հավաքի կազմակերպչին: Հոդվածի համաձայն` հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է: Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի: Պարոն Աբրահամյանին մտահոգում էր, թե ո՞վ պետք է հանդիսանա հավաքի կազմակերպիչ այն դեպքում, երբ հրավիրողը որպես իրավաբանական անձ գրանցված չէ: ԱԺ նախագահի գնահատմամբ` նույն իրավիճակը կարող է ստեղծվել, օրինակ, Հայ Ազգային Կոնգրեսի դեպքում, որում ընդգրկված տարբեր միավորումներ իրավաբանական անձինք են, իսկ ինքը` ոչ, սակայն հավաքը հրավիրվում է կոնգրեսի անունից: Պարոն Աբրահամյանն առաջարկում է նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետեւյալ կերպ` «հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է: Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձանց միավորման կամ նման այլ կառույցի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի կամ դրանց միավորման կամ այդ կառույցի ղեկավարն է»:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` ՀԱԿ-ը իրավակազմակերպական ձեւ չունի եւ այդ պարագայում կամ օրենսդրության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ անել եւ այդ միավորումներին իրավակազմակերպչական անուն տալ, կամ սա այն օրենքը չէ, որ պետք է այդ հարցին պատասխանի: Նա նշեց, որ գաղափարն ընդունելի է եւ կքննարկվի:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Արա Սիմոնյանը` տեղեկացնելով, որ օրենսդրական փաթեթի հետագա լրամշակման նպատակով հանձնաժողովում աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հարցի առնչությամբ իրենց տեսակետները ներկայացրին նաեւ ԱԺ պատգամավորները` նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնեն առաջարկներ:

Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ եւ սպառիչ պատասխանեց պատգամավորներին մտահոգող բոլոր հարցերին:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրինագիծը: Պարոն Դալլաքյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված օրինագծով հանվել են տուգանքի ձեւով պատժատեսակները եւ զգալիորեն խստացվել է ազատազրկման պատժաչափը: Հեղինակը նշեց, որ օրինագծի հետագա քննարկումների արդյունքում պատրաստ է էլ ավելի խստացնել համապատասխան պատժաչափերը, ինչպես նաեւ կիրառել միջազգային պրակտիկայում տարածված սեռական հանցագործությունների համար զուգահեռաբար իրականացվող այլ պատժատեսակներ: Մասնավորապես, առաջարկվում է բռնաբարության մասին հոդվածում ավելացնել նաեւ հետեւյալ կետը` բռնաբարությունը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դրա գործադրելու սպառնալիքով, կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածների կամ ձերբակալվածների պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատությունում` տուժողի կախվածությունն օգտագործելով: Ծանրացուցիչ հանգամանք է նախատեսվում սեքսուալ բնույթի գործողության համար, որը կատարվել է երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ խնամքի պարտականությունը: 14 տարին չլրացած անձի նկատմամբ նման գործողություն թույլ տված անձը պետք է պատժվի ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Հարակից զեկույցում ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Արա Սիմոնյանը ողջունեց օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունը եւ կարեւորեց պատժի անխուսափելիությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը եւս կողմ է օրենսդրական նախաձեռնության ընդունմանը:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Արծվիկ Մինասյանը կարեւորեցին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար նախատեսված պատժամիջոցների խստացումը: Արծվիկ Մինասյանն առաջարկեց բացի ազատազրկումից նշանակել նաեւ տուգանք, որը չպետք է պակաս լինի սեռական ոտնձգություններ իրականացնողների ազատազրկման դեպքում ծախսվող գումարից:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին օրինագիծը կարեւորելու եւ ԱԺ քառօրյա նիստում քննարկումն իրականացնելու համար: Հեղինակը բոլոր առաջարկները ընդունելու եւ քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ նիստերի դահլիճում են գտնվում Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամները: ԱԺ պատգամավորները ողջունեցին հյուրերին:

 Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրինագիծը եւ «Հավաքների ազատության մասին» եւ դրան հարակից 11 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց եւ քվեարկությամբ ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հարցի առնչությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը պատգամավորներին փոխանցեց Հովհաննես Սահակյանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ներկայացրեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Վարդան Այվազյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում: Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am